ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն նոր ֆինանսավորում են առաջարկում հայաստանյան ՓՄՁ-ներին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 5 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթ է տրամադրում Ինեկոբանկին Հայաստանում ՝ նպաստելու մասնավոր հատվածի անցմանը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայակայուն գործելակերպ։ Նախագծին աջակցում է Եվրոպական միությունը (ԵՄ)՝ տրամադրելով 523,000 եվրո գումարի չափով խրախուսական դրամաշնորհներ։

Փաթեթը ներառված է ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ ծրագրում՝ խթանելով արտահանման ծավալը մեծացնելու ներուժ ունեցող տեղական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հետագա վարկավորումը։ Այն կօգտագործվի կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության ներդրումների համար, ինչպես նաև ԵՄ չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաների և ծառայությունների արդիականացման համար՝ միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների օգտագործումը: Սա տվյալ ծրագրի շրջանակում Հայաստանում ստորագրվող երրորդ նախագիծն է, որը ճանապարհ է հարթում, որպեսզի ավելի շատ տեղական ձեռնարկություններ կարողանան օգտվել ծրագրից։

Վարկային գիծը առաջատար նորարակական նախաձեռնություն է, որն օգնում է տեղական ընկերություններին բարելավել իրենց մրցունակությունը թե՛ երկրի ներսում և թե՛ արտերկրում` արդիականացնելով արտադրական օբյեկտներն ու գործընթացները ԵՄ չափանիշներին համապատասխան: Անհատական վարկերի առնվազն 70 տոկոսը օգտագործվում է կանաչ տեխնոլոգիաներում ներդրումները ֆինանսավորելու համար ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (GET) մոտեցման համաձայն: Վարկառուները կարող են ստանալ տեխնիկական խորհրդատվություն և խրախուսական դրամաշնորհներ, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից՝ ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության ներքո: Ծրագիրը հասանելի է նաև Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է․ «Այս նոր ֆինանսավորումը կբարելավի հայաստանյան ձեռնարկությունների մրցունակությունը` օգնելով նրանց ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաներում: Դա ընկերություններին թույլ կտա ամրապնդվել տեղական մակարդակում և օգտվել միջազգային առևտրի հնարավորություններից»:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ասել է․  «ԵՄ-ն հանձնառու է աջակցել փոքր բիզնեսին՝ համաձայն Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի: «ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագիրը կաջակցի կանաչ բիզնեսներին, որոնք, մեր կարծիքով, Հայաստանի ապագան են: ԵՄ-ի ընդհանուր ներդրումը «ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագրում, որը ներառում է տարբեր հայկական բանկեր, կազմում է 6 միլիոն եվրո»:  

Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Արեն Նալթակյանն ասել է․ «Ունենալով մասնավոր հատվածի վարկավորման հզոր պորտֆել՝ Ինեկոբանկը 25 տարի շարունակ՝ հիմնադրման օրվանից, աջակցում և անհատականացված լուծումներ է տրամադրում բիզնեսներին: Մեր երկարամյա գործընկերների հետ միասին մենք ուրախ ենք հայտարարել այս նոր հնարավորության մասին, որը թույլ կտա մեր ՓՄՁ հաճախորդներին բարելավել իրենց տոկունությունն ու մրցունակությունը՝ նաև նրանց տրամադրելով գրավիչ խթաններ»:

Ինեկոբանկի մասին

Ինեկոբանկը ՎԶԵԲ-ի երկարամյա գործընկեր բանկն է, ֆիզիկական անձանց և փոքր ու միջին ձեռնարկություններին մատուցում է ծառայությունների ամբողջական տեսականի: Ինեկոբանկը Հարավային Կովկասի տարածաշրջանի առաջատար բանկերից է, կենտրոնանում է անհատ հաճախորդների, փոքր և միջին շուկայի բիզնեսների և խոշոր կորպորացիաների վրա, և նրա բանկային ծառայությունների ամբողջական տեսականին ներառում է առաջատար և նորարարական թվային բանկային լուծումներ: 25 տարիների ընթացքում բանկը սպասարկել է ավելի քան 500,000 հաճախորդ: Այսօր Ինեկոբանկի առցանց ծառայություններից օգտվում է ավելի քան 250,000 մարդ:

    • ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանի մասնավոր հատվածին` տեխնոլոգիաները ԵՄ չափանիշներին համապատասխան արդիականացնելու նպատակով
    • Ֆինանսավորումը կօգնի փոքր բիզնեսին կանաչ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարել
    • Վարկեր, որոնք համալրված են տեխնիկական խորհրդատվությամբ և ԵՄ կողմից խրախուսական դրամաշնորհներով

ՎԶԵԲ-ի մասին

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը ներդրել է ավելի քան 1,6 միլիարդ եվրո 194 նախագծերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 91 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

Եվրոպական միության մասին

Եվրոպական միությանն անդամակցող պետությունները որոշել են միավորել իրենց գիտելիքները, ռեսուրսներն ու ճակատագրերը: Միասին նրանք կառուցել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի՝ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատի ազատությունները: Եվրոպական միությունը հանձնառու է կիսվել իր ձեռքբերումներով ու արժեքներով իր սահմաններից դուրս գտնվող երկրների և ժողովուրդների հետ:

Cookie Consent with Real Cookie Banner