Եռակի աճ ու արտահանման հնարավորություն ներդրումների շնորհիվ

Բարձր մրցակցության պայմաններում փոքր եւ միջին բիզնեսի համար առանցքային նշանակություն ունեն մատչելի վարկային միջոցները, որոնք ստեղծում են արագ աճի պայմաններ։ Հայաստանում կայուն եւ եկամտաբեր ՓՄՁ-ների զարգացմանն աջակցելու նպատակով «EU4Business-ՎԶԵԲ» վարկային ծրագիրը վարկերի եւ դրամաշնորհների միջոցով աջակցում է ՓՄՁ-ների մրցունակությանն ու կարողությունների զարգացմանը։

Մի քանի տարի առաջ կահույք եւ ներքնակներ արտադրող «Հրաշք Գրուպ» ՍՊԸ-ում հասկացել են, որ արտադրողականության ու որակի բարելավման համար մի շարք հաստոցներ ձեռք բերելու անհրաժեշտություն կա։ Փնտրելով մատչելի վարկային միջոցներ՝ ծանոթացել են «EU4Business-ՎԶԵԲ» վարկային ծրագրին, որի շնորհիվ կատարված ներդրումներով հաջորդող տարիներին գրանցել են կայուն աճ ու անցել արդիական արտադրական գործունեության մոդելի։

Ավտոտնակից՝ ճանաչված արտադրող

«Հրաշք Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1990 թվականին՝ որպես կահույք արտադրող ընկերություն։

«Հիմնադիրը հայրս է՝ Հակոբ Համբարչյանը, որը լինելով արհեստավոր՝ սկսել է արտադրությունը մեկ ավտոտնակից։ Նորանկախ Հայաստանի այդ տարիներին մի նոր բան ստեղծելու գաղափարն էր առաջ մղող ուժը»,- պատմում է «Հրաշք Գրուպ»-ի համահիմնադիր, տնօրեն Հայկ Համբարչյանը։

Սկզբում նկարի շրջանակներ են արտադրել, հետո անցել գրասեղանների ու հետզհետե սկսել ապահովել տան ամբողջ կահավորումը։ Ընկերության համար բեկումնային էր 2010 թվականը, երբ ընտանիքում հացի սեղանի շուրջ որոշել են նոր ուղղություն սկսել՝ ներքնակների արտադրություն։ Այդ ժամանակ 16-ամյա Հայկ Համբարչյանը որոշել է, որ պետք է ամբողջապես ստանձնի ներքնակների արտադրամասի պատասխանատվությունը՝ սկսած հումքի ներմուծումից մինչեւ արտադրություն եւ վաճառք։

Ընկերությունն այսօր գործում է «HayBed» եւ «Shkaff» ապրանքանիշերի ներքո, որոնք լայնորեն ճանաչված են տեղական շուկայում։ Տարեցտարի արտադրամասի տարածքը մեծացրել են ու զարգացման հետ հասկացել, որ նոր հաստոցներ ու

հոսքագծեր են անհրաժեշտ։ Որոշել են դիմել Ինեկոբանկ, որտեղ էլ ընկերությանը տեղեկացրել են «EU4Business-ՎԶԵԲ» վարկային ծրագրի մասին։

2022 թվականից սկսած ծրագրի վարկային միջոցների շնորհիվ սկսել են մի շարք ռազմավարական ներդրումներ ինչպես կահույքի, այնպես էլ ներքնակների արտադրամասերում։

Ներդրումներն ու արագ արդյունքները «Հրաշք Գրուպ»-ում

«EU4Business-ՎԶԵԲ» վարկային ծրագիրը մի քանի ներդրումային փուլերում աջակցել է «Հրաշք Գրուպ»-ին։ Հայկ Համբարչյանը դիմելիս մտահոգություն ուներ, որ գործընթացները բարդ են լինելու, թղթաբանությունը՝ շատ, սակայն իրականությունն ուրախալիորեն զարմացրել է։

«Ծրագրի շատ պրոֆեսիոնալ ու ապրումակցող թիմի շնորհիվ ամեն ինչ արագ ու արդյունավետ ստացվեց»,- հավելում է նա։

Վարկային ծրագրի շրջանակներում «Հրաշք Գրուպ»-ը ներդրումային ֆինանսավորում է ստացել Ինեկոբանկ ՓԲԸ-ի և ԱԿԲԱ Լիզինգ ՎԿ ՓԲԸ-ի միջոցով։ Ընկերությունը ձեռք է բերել 15 հաստոց կահույքի արտադրամասի համար, և 5 հաստոց՝ ներքնակների արտադրամասի համար, որից երկուսը՝ հոսքագիծ։ Ընկերության տնօրենի հավաստմամբ՝ դրանք մի շարք առավելությունն են տվել ընկերությանը՝ նպաստելով թե´ արտադրական ծավալների, թե´ վաճառքների աճին։ Ներդրումները հանգեցրել են տարեկան 77.02 ՄՎտժ հիմնական էներգիայի խնայողության և տարեկան 14.95 տոննա CO₂ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման։

«Ծրագրի շնորհիվ կարողացել ենք 2-3 անգամ աճ ունենալ։ Շարունակում ենք հավակնոտ նպատակներ դնել մեր առջև, այն է՝ առաջիկա 1-2 տարում արդյունքը կրկնապատկել»,- ասում է Հայկ Համբարչյանը։

«EU4Business-ՎԶԵԲ» վարկային ծրագրի աջակցությամբ «Հրաշք Գրուպ»-ն իր արտադրական տարածքներում տեղադրել է նաեւ 267.3 կՎտ հզորությամբ արեւային կայան։ Ընկերությունը նշված բոլոր ծրագրերի համար ստացել է ԵՄ կողմից տրամադրվող ներդրումային խթան, որն օգնել է նվազեցնել ներդրումների սկզբնական ծախսերը։

Ներկայումս աշխատում են թե´ անհատ գնորդների, թե´ բիզնես սեկտորի հետ։ Վաճառքներն իրականացնում են իրենց վաճառքի սրահներում, իսկ B2B-ի

պարագայում, հաճախ, արտադրամասի ցուցասրահում։ 2021 թվականին՝ ՎԶԵԲ «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի աջակցության և ԵՄ դոնորային համաֆինանսավորման շնորհիվ, «Հրաշք Գրուպ»-ը գործարկեց իր առաջին էլեկտրոնային առևտրի հարթակը՝ haybed.am-ը, ինչը կարևոր հանգրվան դարձավ դեռ թվային առևտրին հարմարվող շուկայում։

Որակի կառավարում

Ընկերության տնօրենի համար նոր սարքավորումների շնորհիվ ձեռքբերված լավագույն հնարավորությունը արտադրանքի որակի կառավարումն է։

«Ներքնակի արտադրամասում կարեւոր ձեռքբերումներից է օրթոպեդիկ ներքնակների համար զսպանակ արտադրող հոսքագիծը։ Նախկինում այն չունենալու պատճառով մատակարարներից ներկրում էինք զսպանակների կմախքը, ինչն էլ բարդացնում էր մեր կողմից պատրաստի արտադրանքի որակի ամբողջական կառավարումը։ Տարիներ առաջ ունեցանք դեպք, երբ մատակարարից ձեռքբերված զսպանակների սոսինձը սկսեց հալչել, ինչն էլ լուրջ վնասներ հասցրեց մեր աշխատանքին։ Հիմա, այս հաստոցն ունենալու շնորհիվ, զսպանակների համար օգտագործում ենք թե´ լավագույն հումքը, թե´ լավագույն սոսինձը»,- մանրամասնում է նա։

Հայկ Համբարչյանի խոսքով՝ մեկ այլ կարեւոր ձեռքբերում է փաթեթավորման 3D հնարավորությամբ հոսքագիծը։

«Այժմ կարողանում ենք 3 տեսակի փաթեթավորում իրականացնել՝ ստանդարտ, պրես արված ու նաեւ պրես արված ներքնակի ռուլոնաձեւ փաթեթավորում։ Վերջինս հատկապես կարեւոր է արտահանումների ժամանակ, քանի որ օգնում է տեղ խնայել»,- պատմում է նա։

Մի շարք կարեւոր հաստոցներ են ձեռքբերվել նաեւ կահույքի արտադրամասի համար՝ սղոցման, եզրապատման, հորատման, փայտամշակման, որոնք օգնել են բարելավել արտադրանքի որակը։

«Իրականում այս բոլոր հաստոցները մենք պետք է վաղ թե ուշ ձեռք բերեինք, բայց ծրագրի շնորհիվ կարողացանք դա ավելի վաղ անել ու այդպիսով ավելի արագ զարգանալ։ Քեշբեքի շնորհիվ էլ այս հաստոցները իրենց բերած եկամտով կարողացել են ինքնածախսածածկ դառնալ»,- հավելել է նա։

Գործընթացների օպտիմալացման անհրաժեշտություն

Վերջին շրջանում «Հրաշք Գրուպ»-ի արտադրամասում աշխատում են գերբեռնված։ Հայկ Համբարչյանի խոսքով՝ պատվերներն այնքան են շատացել, որ երբեմն ստիպված են լինում որոշ պատվերներ մերժել։

«Հասկացանք, որ պետք է գործընթացներն օպտիմալացնել ու արտադրողականությունը բարձրացնել։ Դրա համար նորից դիմեցինք ՎԶԵԲ-ին ՝ այս անգամ խորհրդատվություն ստանալու։ ՎԶԵԲ «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի աջակցության և ԵՄ համաֆինանսավորման շնորհիվ, ընդամենը մի քանի օր առաջ ավարտեցինք խորհրդատվական նախագիծը, որը կենտրոնացած էր բիզնեսի և արտադրական գործընթացների զարգացման ու օպտիմալացման վրա, որի արդյունքները մենք արդեն սկսել ենք կիրառել արտադրությունում», — ասաց Հայկը։

Նրա խոսքով՝ առաջիկայում կներդնեն արդեն իսկ մշակված հոսքագծային համակարգը, որը թույլ կտա ավելի կարճ ժամանակում ստանալ բարձր որակով արտադրանք։

Անուշ քնի գաղտնիքը

«HayBed»-ի արտադրամասում ստեղծվում է շուրջ 60 տեսակի ներքնակ՝ էկոնոմից մինչեւ պրեմիում դասի։ Ընկերության տնօրենի խոսքով՝ իրենց խնդիրը պարզապես ներքնակ արտադրելը չէ, այլ հաճախորդների առողջ քունն ապահովելն է։

«Տարբեր տեխնոլոգիաներ ենք օգտագործում։ Քնի ժամանակ շատ կարեւոր է մելատոնին հորմոնի արտադրությունը, որը, սակայն կապուղիների, վայֆայ ազդանշանի եւ այլ ժամանակակից գործոնների բերումով սկսում է քիչ արտադրվել։ Մեր պրեմիում դասի ներքնակներից մեկում, օրինակ, ներդրել ենք այնպիսի տեխնոլոգիա, որով ստեղծվում է ճիշտ մագնիսական դաշտ, որի շնորհիվ հորմոնը քնի ժամանակ բնականոն կերպով է արտադրվում։ Դա ապահովում է առողջ ու անուշ քուն, որի շնորհիվ էլ մարդն առույգ է արթնանում»,- մանրամասնում է Հայկ Համբարչյանը։

Նրա խոսքով՝ իրենց արտադրանքով փորձում են արձագանքել հաճախորդների կարիքներին ու յուրաքանչյուր խնդրի համար մշակում նոր լուծումներ՝ հիմնվելով մասնագիտական վերլուծությունների վրա։

Արտահանումն ու Հայաստանի իմիջն արտերկրում

Ընկերությունն արտադրանքի արտահանումը սկսել է այս տարվանից։ Ներկայումս հիմնականում արտահանում են երկու երկիր, սակայն ձգտում են ընդլայնել շուկաները։

«Ակտիվ բանակցությունների մեջ ենք, ձգտում ենք ավելի հիմնավոր եւ շարունակական դարձնել արտահանումները։ Առաջիկայում կփորձենք արտահանել ինչպես ԵՄ, այնպես էլ արաբական երկրներ»,- մանրամասնում է նա։

Միջազգային որակի չափանիշներին համապատասխանելու համար, որոնք կնպաստեն «Հրաշք Գրուպ»-ի արտահանման նպատակներին, ընկերությունը 2023 թվականին՝ ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցության շնորհիվ, ձեռք բերեց ISO 9001 (Որակի կառավարման) և ISO 14001 (Շրջակա միջավայրի կառավարման) սերտիֆիկատներ։

Բիզնեսմենի խոսքով՝ արտահանման գործում ամենաբարդը ոչ թե թղթաբանությունն է կամ լոգիստիկան, այլ այն, որ արտերկրում Հայաստանը չի ընկալվում որպես արտադրող երկիր։

«Մեր իմիջը, որպես արտադրող երկիր, ընկած է, եւ այս ուղղությամբ պետք է բոլոր արտադրողներս միասին աշխատենք՝ արտահանելով ոչ թե մոլիբդենի հումք կամ ոսկու հումք, այլ պատրաստի արտադրանք»,-ընդգծել է նա։

Հայկ Համբարչյանի խոսքով՝ Հայաստանում մրցակիցներ չունի, բոլոր մյուս արտադրողներն իր գործընկերներն են, իսկ որպես մրցակից դիտարկում է օտարերկրյա արտադրողներին։

«Տեղական շուկայի արտադրողներս իրար օգնելով ավելի հեշտ ու արագ կզարգանանք ու կկարողանանք մրցակցել դրսի ընկերությունների հետ, մեր թիրախը դա պետք է լինի։ Բարդությունները շատ են, բայց դրանք մեզ ընդհանրապես չեն վախեցնում»,- ամփոփել է Հայկ Համբարչյանը։